>@UNICEF
© UNICEF
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԵՆԲ խմբից 200 000 եվրո է ստացել իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով՝ Հայաստանում փախստական երեխաների և նրանց ընտանիքների հոգեբանական աջակցության ապահովման և ձմեռային կարիքները հոգալու նպատակով:
  • ԵՆԲ խմբի նվիրատվությունը կաջակցի մինչև 26 000 երեխաներին և նրանց ընտանիքներին հոգեկան առողջության օգնության թեժ գծի միջոցով, կտրամադրի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առերես աջակցություն, և հարյուրավոր ընտանիքներին կապահովի վաուչերներով՝ ձմռանը նախապատրաստվելու համար:

Եվրոպական ներդրումային բանկի (EIB) խումբն իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով 200 000 եվրո է նվիրաբերել 2023 թվականի սեպտեմբերին ռազմական սրացումից հետո Հայաստան տեղահանված Ղարաբաղի երեխաների հոգեկան առողջության և ձմեռային կարիքները հոգալու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տրամադրված միջոցներով մինչև 26 000 երեխա և նրանց ընտանիքները կստանան օգնություն հոգեբանական աջակցության և հոգեկան առողջության հարցերի համար նախատեսված թեժ գծի միջոցով, կստանան առերես հոգեկան առողջության ու հոգեբանական աջակցություն և վաուչերներ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել ձմռանը:

Սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան գտավ ավելի քան 100 000 հազար մարդ, ընդ որում տեղահանված բնակչության մեկ երրորդից ավելին կազմում էին երեխաները: Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության մշտական  միջամտությունները կարևոր նշանակություն ունեն այս ընտանիքների կյանքը վերականգնելու համար:

ԵՆԲ խմբի նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստեղծի և կգործարկի հոգեբանական թեժ գիծ, որը կսպասարկվի 20 վերապատրաստված խորհրդատուների կողմից երկու տարի ժամկետով: Երեխաները և նրանց խնամողները կարող են ստանալ նաև առերես հոգեբանական աջակցություն՝ խաղային թերապիայի, արտ-թերապիայի և խմբային հանդիպում-խորհրդատվությունների տեսքով: Նվիրատվության շրջանակներում փախստական ընտանիքները կստանան վաուչերներ, որոնք կօգնեն նրանց հոգալ հիմնական կարիքները, քանի որ ձմեռը մոտենում է:

ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, ասաց. «Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանում փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, որն աշխատում է տեղում՝ բավարարելու նրանց ամենահրատապ կարիքները: Մեր նվիրատվությունը կօգնի կարիքավոր երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով ստանալ  նպատակային հոգեբանական աջակցություն, ինչպես նաև օգնություն՝ ձմռան կարիքները հոգալու համար»։

«Երեխաներն ամենաշատն են տուժել հակամարտությունից և տեղահանությունից», - նշեց Շիվա Դուստդարը՝ ԵՆԲ ինստիտուտի տնօրեն և դեկան: «ԵՆԲ ինստիտուտի համար առաջնահերթություն է օգնել նրանց ստանալ աջակցություն և խնամք, որն իրենց անհրաժեշտ է հաստատվելու և ավելի պայծառ ապագա ակնկալելու համար: Այս նվիրատվությունը կօգնի ապահովել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հոգեբանական աջակցության արդյունավետ ծրագիրը հասանելի լինի այն երեխաներին և ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն»։

Նախապատմություն

ԵՆԲ-ն Եվրամիության երկարաժամկետ ֆինանսավորող հաստատություն է, որը պատկանում է նրա անդամ երկրներին: Այն ապահովում է երկարաժամկետ ֆինանսավորում հիմնավորված  ներդրումների համար, որոնք ուղղված են ԵՄ քաղաքականության նպատակներին հասնելու և չորս առաջնահերթ ոլորտներում ծրագրերին աջակցելու՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա ու շրջակա միջավայր և ՓՄՁ-ներ:

ԵՆԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2008 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր ԵՆԲ-ն համաֆինանսավորել է 17 ծրագիր՝ ի աջակցություն Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, ընդհանուր 480 միլիոն եվրոյի չափով:

ԵՆԲ ինստիտուտը ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության մասնակցությամբ սոցիալական, մշակութային և գիտական նախաձեռնությունները խթանելու և աջակցելու նպատակով: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության առաջնային հիմնասյունն է: