• ԵՆԲ-ի 25 միլիոն եվրո արժողությամբ վարկը և ԵՄ-ի 11 միլիոն եվրո արժողությամբ  դրամաշնորհը կօգնեն բարելավել Երևանի 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը:
  • Այս նախաձեռնությունն առաջնահերթություն է ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում՝ ներկայացնելով «Ներդրումներ կանաչ Երևանում էներգաարդյունավետություն և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ» Հայաստանի առաջատար ծրագիրը:
  • Ելնելով առաջին էներգաարդյունավետության ծրագրից ձեռք բերված փորձից՝ Երևանի քաղաքապետարանը մտադիր է վերանորոգել ավելի քան 100 000 մ2 հասարակական շենքեր:
  • Այս առաջատար ծրագիրն ուղղված է ոչ միայն էներգիայի սպառողունակության և CO2 արտանետումների կրճատմանը, այլև մայրաքաղաքի բուժառուների, մանկապարտեզների սաների և անձնակազմի կյանքի որակի բարելավմանը:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրամիության (ԵՄ) վարկային ինստիտուտը, 25 միլիոն եվրո արժողությամբ վարկ է ստորագրել Հայաստանի հետ՝ Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների էներգաարդյունավետությունը բարելավելու նպատակով։ Global Gateway-ի (Գլոբալ դարպասներ) ռազմավարության համաձայն վարկը կտրամադրի ԵՆԲ Գլոբալը՝ ԵՆԲ-ի ԵՄ-ից դուրս աշխատող ճյուղը, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի համար: Քաղաքապետարանը նույնպես 2 միլիոն եվրո է հատկացնում այս ծրագրին:

ԵՆԲ-ի վարկը, որն ամբողջությամբ երաշխավորված է ԵՄ-ի կողմից, աջակցում է հետագա ծրագրին՝ հիմնվելով Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների վրա կենտրոնացած առաջին էներգաարդյունավետության ծրագրի արդյունքների վրա: ԵՄ-ն նաև աջակցում է ծրագրին 11 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհով և տեխնիկական աջակցության ֆինանսավորմամբ Հարևանության ներդրումային հարթակի (NIP) շրջանակներում:

Նախաձեռնությունը Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի առաջնահերթություններից մեկն է, որը ներկայացնում է Հայաստանում «Ներդրումներ կանաչ Երևանում․ էներգաարդյունավետություն և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ» առաջատար ծրագիրը: Այս առաջատար ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել ավելի քան 100 000 մ2 հասարակական շենքեր՝ իրականացնելով այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են շենքերի արտաքին հատվածի վերանորոգումը, պատուհանների փոխարինումը, ջեռուցման արդյունավետ կաթսաների, տաք ջրի արևային համակարգերի տեղադրումը և լուսավորության վերանորոգումը էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ միջոցներ են հատկացվել 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների վերանորոգման համար: Այս վերանորոգման աշխատանքները չեն սահմանափակվում արագ լուծումներով, այլ ուղղված են շենքերի շահագործման ժամկետի երկարացմանը և այդ շենքերից օգտվող մարդկանց բարեկեցության բարելավմանը:

ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշեց. «Ես շատ գոհ եմ, որ ԵՆԲ-ն հետևողականորեն աջակցում է Հայաստանում տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացմանը, այդ թվում այս կարևոր ծրագրին, որը նպաստում է երկրի ավելի կանաչ և ավելի կայուն զարգացմանը: Ծրագիրը կբարելավի երեխաների, ուսուցիչների, բուժառուների և բուժանձնակազմի կյանքի որակը, կնվազեցնի էներգետիկ ծախսերը և կկրճատի Երևանում ածխածնի արտանետումների ծավալը: Այս տնտեսական և բնապահպանական առավելությունների շնորհիվ ծրագիրն առանձնահատուկ նշանակություն է ստանում ԵՄ-ի և ԵՆԲ-ի՝ կլիմայական եվրոպական բանկի միջև Հայաստանում գործընկերության շրջանակներում»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. «ԵՄ-ը զգալի աջակցություն է ցուցաբերում կառավարություններին՝ նրանց օգնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ցածր արտանետումներով զարգացման ու կլիմայի նկատմամբ դիմակայուն տնտեսությունների զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու գործում։ Մենք ողջունում ենք Հայաստանի կլիմայի փոփոխության հավակնոտ օրակարգը․  երկիրն ակտիվորեն աշխատում է ցածր ածխածնային զարգացման հասնելու ուղղությամբ՝ ավելացնելով վերականգնվող էներգիայի օգտագործումը, խթանելով էներգաարդյունավետությունը և պահպանելով ու բարելավելով անտառածածկ տարածքները: ԵՄ-ն օգնում է Հայաստանին կատարել Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և բարձրացնել   կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը` որպես հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքի մաս։ Էներգաարդյունավետության ոլորտում համագործակցության խորացումը կլինի այս գործընթացի առանցքային տարրերից մեկը»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց. «Այսօր կարևոր պահ է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության համար և ընդգծում է արդյունավետ գործընկերությունն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Մեր ռազմավարական նպատակներին համահունչ՝ կրթական և առողջապահական հաստատությունների արդիականացման վրա կենտրոնացումն առանցքային նախաձեռնություն է, որը նախանշված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն էական առաջընթաց է՝ ուղղված Երևան քաղաքում կրթական և առողջապահական ծառայությունների ենթակառուցվածքների բարելավմանը: Կառավարությունը շնորհակալություն է հայտնում աջակցության համար և ակնկալում է 2-րդ փուլի հաջող իրականացումը՝ ակնկալելով Երևան քաղաքի հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավում»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում այն ​​ծրագրերը, որոնք իրականացվում են Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Քաղաքաշինության տարբեր ոլորտներում համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունի Երևանի ենթակառուցվածքների զարգացման համար։ Էներգաարդյունավետության երկրորդ ծրագիրն էլ ավելի կամրապնդի համագործակցությունը և հնարավորություն կտա վերանորոգել ավելի շատ հասարակական շենքեր»։

Նախապատմություն

ԵՆԲ-ի և ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության երկարաժամկետ ֆինանսավորող հաստատություն է, որը պատկանում է նրա անդամ երկրներին: Այն երկարաժամկետ ֆինանսավորում է ապահովում հիմնավորված  ներդրումների համար, որոնք ուղղված են ԵՄ քաղաքականության նպատակների ձեռքբերմանը և չորս առաջնահերթ ոլորտներում ծրագրերի աջակցությանը՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա ու շրջակա միջավայր և ՓՄՁ-ներ:

ԵՆԲ Գլոբալը հանդիսանում է ԵՆԲ խմբի մասնագիտացված ճյուղը, որը նվիրված է միջազգային գործակցությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության բարձրացմանը և Global Gateway-ի (Գլոբալ դարպասներ) առանցքային գործընկերն է: Մինչև 2027 թվականի ավարտը մենք նախատեսում ենք աջակցել 100 միլիարդ եվրոյի ներդրմանը, որը ԵՄ նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդն է: Եվրոպական խմբում ԵՆԲ Գլոբալն ամուր, կենտրոնացած գործակցություն է պահպանում զարգացման այլ ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտ համագործակցելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ: ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խումբն ավելի է մոտեցնում տեղացի բնակչությանը, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում մեր գրասենյակների միջոցով։

Հայաստանում ԵՆԲ-ի մասին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2010 թվականից։ Այն գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության և ԵՄ-ի այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն: Վերջին տասնամյակում Բանկը ֆինանսավորել է ծրագրերի լայն շրջանակ՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսից մինչև ջրամատակարարման ծառայություններ և կեղտաջրերի մաքրում: Այն նաև ֆինանսավորում է միջսահմանային կապերը՝ ավելի անվտանգ և կայուն ճանապարհներ կառուցելու նպատակով:

Երևանի էներգաարդյունավետության առաջին ծրագիրը, որը ստացել է 15 միլիոն եվրո արժողությամբ ներդրում ԵՆԲ-ից և Արևելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) բազմադոնոր հիմնադրամից, ներկայումս աշխատում է Երևանի 50 մանկապարտեզների էներգաարդյունավետության, սեյսմակայունության և սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման ուղղությամբ: Ծրագիրը կբարելավի քաղաքում ապրող ավելի քան 1 միլիոն մարդու կյանքի որակը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիր