Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն. եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն. եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ՀՆԳ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: Դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն՝ կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել է նախորդ տարում:
Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշեց. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի ու տարածաշրջանային համագործակցության խթանմանը»։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդգծեց Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը միտված ենթակառուցվածքային զարգացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրեց. «Այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է ճանապարահային հաղորդակցությունը անհրաժեշտություն է», և շարունակեց ընդծելով՝ «Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին ուղղված ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ և ապահով տեղաշարժմանը, և հարևան տարածքներ և շուկաներ նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»:
2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:
Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման`Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչը: