Search En menu en ClientConnect
Search
Results
Top 5 search results See all results Advanced search
Top searches
Most visited pages

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար

15 November 2024
EIB
  • Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ:
  • Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարեւորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ:

Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի եւ ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից եւս մեկն է, որն ավելի անվտանգ եւ արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին եւ ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ եւ կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ եւ կօգնի ձեւավորել ավելի փոխկապակցված եւ դիմակայուն ապագա։ Սա ԵՆԲ-ի եւ Հայաստանի միջեւ երբեւէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը եւ կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ», - նշել է ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Այս ծրագիրը Հայաստանի համար ԵՄ Տնտեսական եւ ներդրումային ծրագրի (EIP) շրջանակներում «Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվող աջակցության եւս մեկ օրինակ է։ Կլիմայի փոփոխության եւ ճանապարհային անվտանգության թիրախների նկատմամբ պատշաճ խոհեմությամբ կայուն ներդրումներ իրականացնելու նպատակով  ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում ֆինանսական միջոցների հետագա մոբիլիզացումն առանցքային սկզբունքներից է շարունակում մնալ՝ հաշվի առնելով, որ մենք մշակում ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր հավակնոտ օրակարգը»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, իր հերթին, նշել է. «Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի համար, կամրապնդի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային միակցվածությունը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու արդյունավետությունը եւ վճռորոշ դեր կխաղա երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն նպատակների առումով»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՆԲ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրին մասնակցելու համար. «Այս ճանապարհատվածը կարեւոր մաս է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, որը նպատակ է հետապնդում ապահովել կայուն կապակցվածությունը եւ այսպիսով նաեւ համագործակցությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։

Որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության եւ Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը եւ շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաեւ կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը:

Ընդհանուր տեղեկատվություն

ԵՆԲ-ի եւ ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ-ներ):

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթություններին. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։

Contact

Begum Iman

Reference

2024-451-HY