- 55 միլիոն եվրոյի վարկային միջոցներ Ակբա բանկին՝ տեղական մասնավոր հատվածին աջակցելու համար:
- Ավելի քան 200 փոքր ընկերություն և 6,000 աշխատատեղ կօգտվեն այս համագործակցությունից։
- Վարկային միջոցները տրամադրվում է ԵՆԲ-ի Հայաստանի ՄՓՄՁ Resilience Facility-ի միջոցով՝ թերսպասարկվող բիզնեսներին աջակցելու համար։
Եվրոպական ներդրումային բանկի զարգացման մասնաճյուղը՝ ԵՆԲ Գլոբալը, հայաստանյան Ակբա բանկին 55 մլն եվրո է տրամադրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև երկրում կապիտալի ֆինանսավորումն ընդլայնելու համար։ Գործարքը Հայաստանում ԵՆԲ Գլոբալի առաջին ուղղակի վարկային գիծն է առևտրային բանկին:
Համագործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը և խթանելու մասնավոր հատվածի աճը և աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաև, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության է արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով ավելի քան 6000 աշխատատեղ:
«Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ և դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների աճին և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, և կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության և Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։
Նախաձեռնությունը ԵՆԲ Գլոբալի Հայաստանի ՄՓՄՁ Resilience Facility-ի մի մասն է, որի նպատակն է ավելացնել ֆինանսավորման հասանելիությունը երկրում մասնավոր հատվածի համար: Միջոցառումը խթանում է երկարաժամկետ տնտեսական կայունությունը՝ հայաստանյան բանկերի միջոցով տեղական ձեռնարկություններին ֆինանսավորում տրամադրելով:
Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեվորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:
«Ակբա բանկն այս պահին Հայաստանում առաջին ուղիղ և խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է և այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Եվրոպական ներդրումային բանկի և ԵՆԲ Գլոբալի մասին
Եվրոպական ներդրումային բանկը Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։
ԵՆԲ Գլոբալը Եվրոպական ներդրումային բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաև Հայաստանը։
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5600 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: