Հայաստանի փոքր բիզնեսն աջակցություն է ստանում, իսկ Եվրամիության վարկային գործակալությունները նոր ուղիներ են բացում տեղական բանկային գործընկերների համար՝ երկրի աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին:
Մաքուր մուգ շոկոլադի անդիմադրելի բույրը համակել է Էմիլ Հարությունյանին՝ Ֆրանսիայում կատարած հացի և խմորեղենի արտադրության սարքավորումների ցուցահանդեսի այցելության ժամանակ։ Նա Հայաստանից եկել էր ֆրանսիական հաց ու կրուասան պատրաստելու սարքավորում գնելու նպատակով։ Սակայն բույրն այնքան քաղցր էր, իսկ շոկոլադի պատրաստման գործընթացն այնքան գրավիչ, որ նա փոխեց իր պլանները:
Այն ժամանակ՝ 2000-ականների սկզբին, Հայաստանում բարձրորակ շոկոլադն անհասանելի էր։ Երկրում կար միայն ռուսական արտադրության շոկոլադե խառնուրդով արտադրանք՝ կակաոյի, քաղցրացուցիչի և բուսական ճարպի համադրություն, որն ավելի էժան է, քան իսկականը։ Այսպես, 2004 թվականին Հարությունյանը հիմնադրեց Արկոլադը՝ եվրոպական ոճի շոկոլադի փոքր արտադրությունը:
Առաջին հինգ տարիները դժվար էին: «Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ սովորեն բարձրորակ շոկոլադին»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը՝ Արկոլադի մարքեթինգի և արտաքին կապերի մենեջերը (և հիմնադրի կինը):
«Նրանք նույնպես սովոր չէին եվրոպական ոճի «ballotins» տուփերին, որոնց մեջ փաթեթավորում ենք մեր շոկոլադները», - ավելացնում է նա: «Հայերի համար մոդայիկ էին համարվում շոկոլադի մեծ, հարթ, սովետական ոճի տուփերը։ Նրանք պետք է սովորեին նոր դիզայնին։ Բայց հետո շոկոլադասերները սկսեցին հասկանալ, որ մեր շոկոլադն իսկականն է, թարմ է ու առանց հավելումների»։
Արկոլադն իր սարքավորումները ներմուծում է Գերմանիայից, Բելգիայից և Իտալիայից, իսկ փաթեթավորման նյութերը՝ Գերմանիայից և Շվեյցարիայից: Շոկոլադի արտադրության համար հումքի մեծ մասը ստացվում է Բելգիայից։ Մարցիպանը ստացվում է Գերմանիայից, իսկ ընկույզն ու չրերը (ծիրան, դեղձ և սալոր) աճեցվում են Հայաստանում:
Պահանջարկի աճին զուգընթաց Արկոլադը (Արմենիա և շոկոլադ բառերի համադրություն) կարիք ուներ ընդլայնելու արտադրությունը: 2021 թվականին ընկերությունը 40 միլիոն ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով գրեթե 92 000 եվրո) վարկ է վերցրել տեղական բանկից, որն իր հերթին ֆինանսավորում է ստացել ՀՀ Կենտրոնական բանկից՝ Եվրոպական ներդրումային բանկի վարկային գծի միջոցով՝ հատուկ նախատեսված փոքր և միջին ձեռնարկությունների համար։
Հետագայում շոկոլադագործն այդ վարկային գծով երկու այլ վարկ է վերցրել՝ 2021 և 2023 թվականներին։
«Աղետալի 2020 թվականից հետո՝ համավարակով և Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմով պայմանավորված, մեզ անհրաժեշտ էր մի բան, ինչը կօգներ մեզ շարունակել մեր գործը»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Վարկերը մեզ համար կարևոր էին մեր կայունությունն ապահովելու համար: Մենք հաղթահարեցինք այն ֆինանսական դժվարությունները, որոնց բախվեցինք այն ժամանակ և առաջ շարժվեցինք»:
Այժմ ընկերությունը շոկոլադ է արտահանում Միացյալ Նահանգներ և Եվրոպա, և վերջերս ԱՄՆ-ում բացեց դիստրիբուցիոն մասնաճյուղ, որն իր գործունեությունը նախատեսում է սկսել 2024 թվականից:
Աջակցություն փոքր ձեռնարկություններին
Եվրոպական ներդրումային բանկը 2014 թվականից Հայաստանի Կենտրոնական բանկին տրամադրել է չորս վարկային գիծ։ Կենտրոնական բանկն այդ միջոցները փոխակերպում է հայկական դրամի և տրամադրում տեղական բանկերին, որոնք էլ իրենց հերթին վարկավորում են միկրո բիզնեսին և փոքր ու միջին ձեռնարկություններին։
Ամենավերջին վարկային գիծը՝ 70 միլիոն եվրո արժողությամբ Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրը, ստորագրվել է Կենտրոնական բանկի հետ 2022 թվականի դեկտեմբերին, և 28 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է։ Ֆինանսավորումը ներկայումս բաշխվում է տարբեր ծրագրերի աջակցող 12 առևտրային ֆինանսական հաստատությունների միջև:
Ինչպես առաջին երեք վարկերը (որոնց ընդհանուր գումարը կազմել է 150 միլիոն եվրո), այս վարկային գիծն իրականացվում է Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումը։ Այն կաջակցի 1200 ձեռնարկությունների և կապահովի 1500 աշխատատեղ:
Ակնկալվում է, որ Կենտրոնական բանկը և տեղական բանկերն ընդհանուր գումարի 45%-ը կհատկացնեն մայրաքաղաք Երևանից դուրս իրականացվող ծրագրերին, 40%-ը կհատկացվի կանաչ ծրագրերին և 30%-ը՝ կանանց բիզնեսում ներգրավելուն։
Մենք աշխատում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի նման միջնորդների հետ, որպեսզի ավելի շատ կանաչ միջոցներ ուղղենք փոքր և միջին ձեռնարկություններին»,- ասում է Եվրոպական ներդրումային բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Դանիելա Դիդրիխ-Ռիստիչը:
«Վարկառուների՝ և՛ առևտրային բանկերի, և՛ փոքր ու միջին ձեռնարկությունների իրազեկվածության մակարդակը դեռևս սահմանափակ է, ինչը մարտահրավեր է նետում բնապահպանական ներդրումների աճին։ Կան որոշ մատչելի թիրախներ, որոնք բանկերի համար բավականին հեշտ է ճանաչել, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի աղբյուրները, ներառյալ քամին և արևը, շենքերի կամ արդյունաբերության էներգաարդյունավետությունը կամ էլեկտրոմոբիլները», - ավելացնում է նա:
Մենք հանձնառու ենք ընդլայնել կլիմայի և շրջակա միջավայրի կայունության սահմանումների մեր ամբողջական շրջանակը, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում, որը շատ կարևոր է Հայաստանի համար: Ապացուցվել է, որ բանկերին տրամադրվող տեխնիկական աջակցությունը` համապատասխան նախագծերի բացահայտման և բնապահպանական ոլորտի ֆինանսական հմտությունների զարգացման գործում, կարևոր գործոն է նրանց բնապահպանական նպատակներին հասնելու համար»։
Բացի վարկից, Կենտրոնական բանկը և տեղական բանկերը ստացել են 499,000 եվրոյի չափով տեխնիկական աջակցություն: Այն ֆինանսավորվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի և Ֆինանսական համակարգերի կանաչապատում ծրագրի կողմից: Այս ֆինանսավորմամբ, Եվրոպական ներդրումային բանկի խորհրդատվական ծառայությունը կօգնի բանկերին ընտրել կանաչ ծրագրեր իրականացնող բիզնեսներ, նպաստել սոցիալական ներառմանը և թվայնացմանը:
Խորհրդատվական ծրագիրը կօգնի բացահայտել և զարգացնել կանանց ձեռներեցության նախագծեր, որոնք համապատասխանում են 2X Challenge-ի չափանիշներին:
«Մենք կօգնենք բանկերին բացահայտել և ներդրումային առաջնահերթություն տալ այն ընկերություններում, որոնք ղեկավարում են կանայք, որտեղ շատ կանայք են աշխատում կամ ծառայություններ են մատուցվում կանանց», - ասում է Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության փորձագետ Մայքլ Շտայդլը:
Արկոլադը, անշուշտ, համապատասխանում է վարկավորման չափանիշներին: Ընկերության աշխատակիցների մոտ 70%-ը կանայք են, և ղեկավար պաշտոնների կեսից ավելին զբաղեցնում են կանայք։ Ֆինանսավորման շնորհիվ ընկերության աշխատակիցներն ավելացել են մինչև 48 հոգի: Նաև կառուցվում է նոր գործարան, որը թույլ կտա տասնապատկել արտադրությունը։
«Նոր տարածքը, որը հույս ունենք ավարտին հասցնել գարնանը, կտեղակայվի Երևանից դուրս»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Մենք կկարողանանք աշխատանքով ապահովել ավելի շատ կանանց մոտակա փոքր քաղաքներից»:
Փոփոխություններ են սպասվում
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցում է 2014 թվականից:
«Հայաստանի կենտրոնական բանկը և Գերմանա-հայկական հիմնադրամը մեր հուսալի գործընկերներն են: Նրանք ունեն մեծ փորձ և շատ արդյունավետ են իրականացնելու ֆինանսական գործարքներ միջազգային ֆինանսական կառույցների հետ», - ասում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային մասնագետ Թամար Անգուլաձեն:
Տնտեսական իրավիճակը Հայաստանում բարեփոխվում է: «Վերջին տասը տարիների ընթացքում մասնավոր հատվածը բավական նկատելիորեն աճել է», - ասում է Անգուլաձեն:
«Այժմ երկիրը գտնվում է ավելի բարդ արտաքին քաղաքական պայմաններում, իսկ Ռուսաստանը շատ ավելի փոքր դեր է խաղում որպես անվտանգության երաշխավոր»,- ասում է նա։ «Ակնկալվում է, որ կառավարության 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագիրը կնպաստի երկարաժամկետ աճին, Ռուսաստանից կախվածությունից դուրս գալուն և այլ երկրներ արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը»:
Եվրահանձնաժողովի աջակցությամբ Եվրոպական ներդրումային բանկը որոշել է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում և բացահայտել նոր հնարավորություններ՝ բարելավելու ֆինանսավորման հասանելիությունը և նպաստելու երկրի մասնավոր հատվածի զարգացմանը:
Եվրոպական ներդրումային բանկը դիմել է տեղական մի քանի հայկական բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների՝ ուսումնասիրելու անմիջական համագործակցության հնարավորությունը, և արձագանքը շատ հուսադրող էր։ Բանկը ներկայումս մշակում է ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հայկական բանկերին ուղղակիորեն վարկային գծեր տրամադրելու նպատակով:
«Տեղական բանկերը շատ ուրախ էին և պատրաստ էին ուղղակիորեն աշխատել մեզ հետ», - ասում է Անգուլաձեն: «ԿԲ-ն նույնպես ողջունեց այս քայլը։ Դա շատ դրական ազդանշան է միջազգային հանրությանը, որ Եվրոպական ներդրումային բանկն այստեղ է, և որ նրա հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը»: