>@EIB
  • ԵՆԲ խումբը Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կազմակերպած միջոցառմանը ներկայացրեց իր նոր EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») երաշխիքային գործիքը:
  • Եվրոպական միության կողմից աջակցվող ծրագիրը տեղական բանկերին կտրամադրի ռիսկերի բաշխման գործիքներ՝ Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը  բարելավելու նպատակով:
  • Այն EU4Business նախաձեռնության մի մասն է, որը ներառում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՓՄՁ-ների աջակցության Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերը։
  • Միջոցառման ընթացքում ԵՆԲ-ն և ԿԲ-ն նաև ներկայացրեցին  Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրը, Հայաստանում բիզնեսի համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման նպատակով իրենց շարունակական գործընկերությունը։

Եվրոպական ներդրումային բանկի խումբը (ԵՆԲ) իր Global Gateway (Գլոբալ դարպասներ) ռազմավարության համաձայն՝ այսօր գործարկել է EU4Business երաշխիքային գործիքը: Այն Հայաստանի և Արևելյան գործընկերության այլ երկրներում տեղական բանկերին և ֆինանսական այլ միջնորդներին տրամադրում է վարկային պորտֆելի մասնակի երաշխիքներ:

Յուրաքանչյուր վարկի համար տրամադրելով 80% երաշխիք, գործիքը կխթանի այս երկրներում մասնակից ֆինանսական միջնորդների կողմից մատչելի պայմաններով, ներառյալ գրավի նկատմամբ պահանջի նվազեցմամբ, տեղական փոքր և միջին ձեռներեցության ֆինանսավորման հնարավորությունը։ Եվրոպական ներդրումային հիմնադրամի (ԵՆՀ) հետ համատեղ իրականացվող նախաձեռնությունը նպատակ ունի տրամադրել առնվազն 250 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում փոքր ու միջին ձեռներեցությանը՝ օգնելով պահպանել աշխատատեղերը և ստեղծել նոր բիզնես հնարավորություններ ընտրված երկրներում:

Եվրոպական միությունը (ԵՄ) 40 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրում երաշխքային գործիքին՝ որպես EU4Business նախաձեռնության ավելի լայն մաս, որը միավորում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Նոր գործիքը հաջորդում է EU4Business երաշխիքային գործիքի նախորդ՝ 1-ին փուլին, ընդլայնելով իր աշխարհագրական ընդգրկումը Արևելյան գործընկերության հինգ երկրների վրա: Հիմնվելով առաջին փուլի հաջողության վրա, որի շրջանակներում Ուկրաինայում ՓՄՁ-ների համար ստեղծվեց 472 միլիոն պարտքի  ֆինանսավորման պորտֆել, այս նոր փուլը ցույց է տալիս ԵՆԲ խմբի շարունակական հանձնառությունը՝ խթանելու տարածաշրջանում տնտեսական կայունությունն ու զարգացումը:

Գործիքը կարևոր դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացման գործում, որի միջոցով Եվրոպական միությունը ձգտում է աջակցել գործընկեր երկրների սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ապահովել անցումը դեպի կանաչ և թվային տնտեսություն:

ԵՆԲ խումբը ԵՆԲ-ի երկարամյա գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կազմակերպած միջոցառմանը հայաստանյան բանկերին ներկայացրեց իր EU4Business երաշխիքային նոր գործիքը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ընթացիկ ծրագիրը:

«Հայաստանի տնտեսական դիմակայունություն» ծրագրի շրջանակում ԵՆԲ-ն և Հայաստանի Կենտրոնական բանկը վերջերս ստորագրեցին 70 միլիոն եվրոյի չափով  չորրորդ ֆինանսավորման համաձայնագիրը: Այս վարկի շրջանակում մասնակից ֆինանսական միջնորդները, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսները, հնարավորություն ունեն օգտվել հարակից տեխնիկական աջակցությունից, որը ֆինանսավորվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) և Կանաչ ֆինանսական համակարգերի (GFS) ծրագրի կողմից: Այս նախաձեռնությունը հիմնված է 150 միլիոն եվրո ընդհանուր գումարով նախորդ երեք վարկային ծրագրերի հաջողության վրա, որոնց նպատակը հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումն էր:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց. «ԵՆԲ-ի և ԿԲ-ի միջև 2014 թվականին մեկնարկած ֆինանսական համագործակցությունը մեծ հաջողություն է գրանցել: Այս համագործակցությունը զգալիորեն խթանել է Հայաստանի մասնավոր հատվածը՝ ֆինանսական հաստատությունների միջնորդությամբ միջոցներն ուղղելով փոքր և միջին ձեռնարկություններին՝ ստեղծելով ավելի քան 4000 աշխատատեղ: 70 միլիոն եվրոյի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների կողմից կանաչ նախագծերի, կանանց հզորացմանը և բիզնես գործընթացների ավտոմատացմանն ու թվայնացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել: Նոր փուլի շրջանակում արդեն ընտրվել է տասը գործընկեր ֆինանսական հաստատություն, որոնք կաջակցեն ծրագրի իրականացմանը։

ԿԲ-ն նաև ողջունում է ԵՆԲ խմբի նախաձեռնությունը՝ առաջին անգամ Հայաստանում գործարկելու EU4Business երաշխիքային գործիքը և խրախուսում է ֆինանսական հաստատություններին օգտվել վարկային ռիսկերը կիսելու և ՓՄՁ-ների համար վարկային գործառնությունների նոր պորտֆել ստեղծելու հնարավորությունից»։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, որը պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշեց. «ՓՄՁ-ներին տրվող աջակցությունը ԵՆԲ խմբի հիմնական առաջնահերթություններից է, քանի որ նրանց ֆինանսավորելով մենք խթանում ենք տնտեսական զարգացումը, նորարարությունը և զբաղվածությունը։ Եվրոպական միության ֆինանսավորման աջակցությամբ մենք ուրախ ենք գործարկել նոր գործիք, որի նպատակն է բարելավել կարևոր ֆինանսական միջոցների հասանելիությունը՝ օգնելու ՓՄՁ-ներին շարունակել զարգացնել նոր ծրագրեր և աճել»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. «Ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնումը նպաստում է տնտեսական աճին և նվազեցնում աղքատությունը։ Այդ նպատակով է, որ Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի կողմից ստեղծվել է երաշխիքային գործիք, որպես Հայաստանում գործող ավելի շատ փոքր և միջին ձեռնարկությունների համար դեպի ապահով ֆինանսավորում և աճի խթանում տանող դուռ: Գործիքը կբերի նաև լրացուցիչ ռեսուրսներ՝ նպաստելով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացմանը Հայաստանում։ Ուրախությամբ ենք արձանագրում այս նախաձեռնության նկատմամբ Հայաստանի բանկային հատվածի մեծ հետաքրքրությունը»։

Նախապատմություն

ԵՆԲ-ի և ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորող հաստատություն է, որը պատկանում է նրա անդամ երկրներին: Այն ապահովում է երկարաժամկետ ֆինանսավորում հիմնավորված  ներդրումների համար, որոնք ուղղված են ԵՄ քաղաքականության նպատակների ձեռքբերմանը և չորս առաջնահերթ ոլորտներում ծրագրերի աջակցությանը՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա ու շրջակա միջավայր և ՓՄՁ-ներ:

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ճյուղն է, որը նվիրված է միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության բարձրացմանը և Global Gateway-ի առանցքային գործընկերն է: Մինչև 2027 թվականի ավարտը մենք նախատեսում ենք աջակցել 100 միլիարդ եվրոյի ներդրմանը, որը ԵՄ նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդն է: Եվրոպական խմբում ԵՆԲ Գլոբալն ամուր, կենտրոնացած գործընկերություն է պահպանում զարգացման այլ ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտ համագործակցելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ: ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խումբը տեղացի բնակչությանը, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում մեր գրասենյակների միջոցով։

Հայաստանում ԵՆԲ-ի մասին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2010 թվականից։ Այն գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության և ԵՄ-ի այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն: Վերջին տասնամյակում Բանկը ֆինանսավորել է ծրագրերի լայն շրջանակ՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսից մինչև ջրամատակարարման ծառայություններ և կեղտաջրերի մաքրում: Այն նաև ֆինանսավորում է միջսահմանային կապերը՝ ավելի անվտանգ և կայուն ճանապարհներ կառուցելու նպատակով:

Հայաստանի կենտրոնական բանկ

Հայաստանի Կենտրոնական բանկը պետական ​​գործառույթներով օժտված իրավաբանական կառույց է: Բանկի հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունության ապահովումն է: Բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը, վերահսկում է վճարային համակարգը: Ապահովում է նաև ազգային արժույթի թողարկումը և դրա շրջանառությունը, կառավարում է Հայաստանի միջազգային պահուստները և այլն։

https://www.cba.am

https://www.facebook.com/cba.arm/

https://am.linkedin.com/company/central-bank-of-armenia